Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մանկության ամենահիշարժան Ամանորը

Մանկության ամենահիշարժան Ամանորը
25.12.2015 | 01:54

Ասում են` Ամանորը մանուկների տոն է: Իսկ քանի որ մենք բոլորս մեր մանկությունից ենք գալիս, ուրեմն տոնը բոլորինս է: Դժվար է պատկերացնել, որ մեր քաղաքական գործիչներն էլ մեզ նման «փոքրիկ, սիրուն» մանուկներ են եղել ու անհամբեր սպասել են Նոր տարվան։ «Իրատեսը» ԱԺ մի քանի պատգամավորների «տեղափոխեց» մանկություն` արթնացնելով հաճելի հուշեր:
Հայրենի երեսփոխաններին առաջարկեցի վերհիշել իրենց մանկության ամենահիշարժան Ամանորը:

«ՄԱՐՍԿՈՅ ԲՈՅ» ԷԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ»

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ («Ժառանգություն» խմբակցության քարտուղար)


-Ամեն տարիքում էլ Ամանորը հիշարժան է լինում, բայց, հավանաբար, ամենատպավորիչը հինգ տարեկանում էր: Շատ էի ցանկանում ունենալ «Մարսկոյ բոյ» խաղալիքը: Այս մասին Ձմեռ պապիկին նամակ էի գրել և երբ տոնածառի տակ դրված տեսա այն, ուրախությանս չափ չկար: Հիմա էլ ես, որպես հայր, ամեն ինչ անում եմ, որ երեխաներիս նորտարիներն էլ հետաքրքիր անցնեն, ցանկություններն էլ ի կատար ածվեն:
-Ո՞րն է մանկության Ամանորի հոտը, համը:
-Մայրիկիս պատրաստած պաշտետը:

«ԱՄԱՆՈՐԻՆ ԳՅՈՒՂՆ Է ՁԳՈՒՄ»

ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ (ՀՀԿ խմբակցության քարտուղար)


-Իմ ամենատպավորված նորտարիները եղել են մանկապարտեզային ցերեկույթները:
-Ամանորին ո՞ր բույրն է հիշեցնում մանկությունը:
-Այն համն ու հոտը, որ մինչ այսօր էլ Ամանորին ձգում է դեպի գյուղ:

«ԱՐՏԱՌՈՑ ՆՈՐ ՏԱՐԻ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ»

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ)


-Մանկությանս տարիներին Ամանորը միշտ հետաքրքիր է անցել: Ամենից շատ տպավորվել է այն, որ ծնողներիս հետ երեկոյան գնում էինք Գյումրու հրապարակ զբոսնելու, որտեղ գեղեցիկ զարդարված տոնածառ կար ու հրաշալի տոնական տրամադրություն: Ընդհանուր առմամբ, արտառոց Նոր տարի չեմ ունեցել:
-Ձեր երեխաների ամանորյան հեքիաթն «ապահովո՞ւմ» եք:
-Հավանաբար այդպիսին կարելի է համարել այն տարիները, երբ ընտանիքիս հետ Ամանորն արտերկրում եմ անցկացրել: Այդքանով, երևի, հերքիաթը ստացվել է: Բայց այս տարի մնալու ու նշելու ենք Ամանորը Գյումրիում:

«ԵՐԲ ԹՈՌՆԻԿՍ ԾՆՎԻ, ՆՈՐԻՑ ԿՄԱՆԿԱՆԱՆՔ»

ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)
-Մանկությունից մի քանի հրաշալի տպավորություններ են մնացել: Ես մեծացել եմ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում: Ամանորին մեր տանը մշտապես թարմ եղևնի էր լինում: Երբ այդ ծառի թարմ բույրը տուն էր «մտնում», երջանկությունն այցելում էր մեզ: Գիտեինք, որ Նոր տարին գալիս է, և Ձմեռ պապը մեզ պետք է նվերներ բերի: Երկար ժամանակ հավատացել եմ, որ Ձմեռ պապ գոյություն ունի: Նրա բերած տոպրակների մեջ խաղալիքներ չէին լինում, փոխարենը` հրաշալի քաղցրավենիք, մայրիկիս պատրաստած չրեղենը: Շատ են տպավորվել նաև դպրոցական ամանորյան «կառնավալները», որոնց մասնակցում էինք եղբորս պատրաստած գեղեցիկ դիմակներով:
-Ո՞ր տարիքում Ձմեռ պապից ստացաք ակնկալած ամենալավ նվերը:
-Գյուղական միջավայրում ապրող մանուկների, պատանիների երազանքները շատ մեծ չեն լինում: Մեծ քաղաքներում ապրող երեխաների ցանկությունը գուցե հսկայական երկնաքեր ունենալն է, բայց մերը հեծանիվն էր: Ամբողջ գյուղում ընդամենը մեկ-երկու հատ կար, և բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ մեր սեփականը կունենանք: Մի գեղեցիկ օր հայրս իրագործեց այդ ցանկությունը: Չորս եղբայրներս ու քույրս հեծանիվը հերթով իրարից «ժառանգել» ենք:
-Փորձո՞ւմ եք Ձեր զավակների Ամանորն էլ հիշարժան դարձնել:
-Մեր ընտանիքից Ամանորի գեղեցիկ հեքիաթը հօդս ցնդեց, երբ կրտսեր տղաս էլ չհավատաց Ձմեռ պապիկին: Քանի դեռ հավատում էր, ընտանիքով փորձում էինք Ձմեռ պապիկի նամակի բովանդակությունը կյանքի կոչել` մենք էլ տեղափոխվելով մեր մանկություն, վերհիշելով հրաշալի պահերը: Աստծո հաջողությամբ, երբ թոռնիկս ծնվի, նորից կմանկանանք և նրա նամակները, ցանկությունները կբավարարենք:

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԱՆՈՐԸ ԳԵՐԴԱՍՏԱՆՈՎ ՆՇՎՈՂ ՏՈՆ Է»

ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)


-Մանկությանս բոլոր նորտարիները շատ հաճելի են անցել: Հետադարձ հայացք ձգելով, միշտ կարոտով եմ հիշում այդ տարիները: Մենք լիաթոք ուրախանում էինք տոնածառով, նվերներով: Իմ մանկությունը հայրենի Ջավախքում է անցել, հիմա էլ ձգտում եմ այնտեղ անցկացնել և վերապրել քաղցր տպավորությունները, բերկրանքը: Մեզ համար Ամանորը գերդաստանով նշվող տոն է: Մինչև հիմա էլ իմ ընտանիքում պահպանվել է այդ սովորույթը, ուրախանում ու տոնում ենք հարազատներով շրջապատված:
-Մայրիկի պատրաստած ո՞ր ուտեստի համը մինչև այսօր չեք մոռանում:
-Ոչ միայն Ամանորին, այլև ընդհանրապես մոր պատրաստած ուտեստներն ամենալավն են: Ճիշտ հուշեցիք, ինձ համար մայրիկիս պատրաստած գաթան Ամանորի ամենալավ քաղցրավենիքն էր:

Մանկություն «տեղափոխեց»
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ